Ռուսաստանյան ուղղաթիռը խոցել եւ ռուս օդաչուներին օդում գնդակոծել են Ասադի դեմ կռվող թուրքմենները
International newsՆոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի կատապուլտով դուրս նետված երկու օդաչուներին օդում գնդակոծել են ինքնաթիռի ընկնելու վայրում Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող սիրիացի թուրքմենները, որոնք սերտ կապերի մեջ են Թուրքիայի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական DHA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել էՍիրիայում «Թուրքմենական ճակատ» խմբավորման երկրորդ առափնյա դիվիզիայի հրամանատար Ալփասլան Չելիքը:
«Օդաչուներին խփեցինք օդապարիկով իջնելու ժամանակ: Նրանց մարմիններն այստեղ են», -ասել է նա:
Մի այլ դիվիզիայի հրամանատար Բաշեր Մոլլան հայտնել է, որ իրենց հաջողվել է վերագրավել նախօրեին կորցրած բարձունքները:
Թուրքմեն ջիհադականները համացանցում տեղադրել են ռուս օդաչուներին գնդակոծելու պահը պատկերող տեսանյութ, որում գնդակոծողներից ոմանք գոռում են. «Մի խփեք, գերի է գալիս»:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն էլ գրում է, որ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի խոցման վայրում կատապուլտով դուրս նետված օդաչուներին որոնող ռուսական ուղղաթիռներից մեկը եւս խփել են թուրքմեն ջիհադականները: Համացանցում հայտնված տեսանյութում մի թուրքմեն մարտիկ TOW հրթիռով խոցում է ուղղաթիռը, որի պայթելուց հետո թուրքմենները բացականչում են «Ալլահու Աքբեր»:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված» եւ նշել, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: