Հայաստանը շախմատային գերհզոր եռյակի մեջ է
SportԹեև շախմատի Եվրոպայի թիմային առաջնության սկզբնական փուլում Հայաստանի հավաքականը թույլ տվեց որոշ վրիպումներ, սակայն եզրափակիչ մասը մեր տղաները անցկացրեցին գերազանց: Շախմատի ֆեդերացիայի փոխնագահ Սմբատ Լպուտյանը այսպիսի տեսակետ հայտնեց նոյեմբերի 25-ին «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Հայաստանը հանդես է գալիս որպես առանձին թիմ, երկիր, 1992թ-ից սկսած: Լպուտյանը ներկայացրեց որոշ տվյալներ, որոնք ինքնին խոսում են 23-ամյա հայկական շախմատի լուրջ հաջողությունների մասին: Նա ներկայացրեց աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական մրացաշարերում այս ընթացքում առավելագույն մեդալներ ստացած երկրները: «Առաջին երկիրը Ռուսաստանն է, որը 23 տարիների ընթացքում վաստակել է 25 մեդալ (14 ոսկի, 6 արծաթ, 5 բրոնզ): Երկրորդը ամբողջ աշխարհում Հայաստանն է, որը վաստակել է 15 մեդալ (5 ոսկի, 2 արծաթ, 8 բրոնզ): Երրորդ տեղում Ուկրաինան է 13 մեդալով (3 ոսկի, 4 արծաթ, 6 բր ոնզ)»,- ասաց Լպուտյանը: Նա նկատեց, որ այս 3 երկրները համարվում են աշխարհի գերհզոր թիմերը, քանի որ 4-րդ տեղում գտնվող Չինաստանը վաստակել է 6 մեդալ, որը բավականին զիջում է 3-րդ տեղին: Ադրբեջանն ունի 4 մեդալ:
Շախմատի ֆեդերացիայի փոխնագահը խոսեց նաև կանանց հավաքականի մասին: Ըստ նրա, սխալ է այն տարածված կարծիքը, թե հայ կանայք լավ հանդես չեն գալիս: «Մեր կանայք Եվրոպայում այսօր 5-րդն են, ինչը կարծում եմ շատերի համար կարող է զարմանալի թվալ, քանի որ Եվրոպայում կան բավականին ուժեղ շախմատային երկրներ»,- ասաց Լպուտյանը` հավելելով, որ առաջին տեղում է Ռուսաստանը, ապա գալիս են Վրաստանը, Ուկրաինան և Լեհաստանը:
Նոյեմբերի 22-ին շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությանը վերջին տուրում և դարձավԵվրոպայի փոխչեմպիոն: