Թուրքական Նուսայբինում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
International newsԹուրքիայի հարավային Նուսայբին քաղաքում նոյեմբերի 20-ից հայտարարված փողոց դուրս գալու արգելքը վերջապես հանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Արգելքի հայտարարմանը հաջորդած օրերի ընթացքում քաղաքում, որի բնակչության մեծ մասը քրդեր են, ոստիկանությունը կրակում էր քաղաքացիների վրա: Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանության արձակած կրակոցներից սեփական տան դիմաց վիրավորվել էր 5 երեխաների մայր Մյուզեյեն Քըզըլը: Որովայնի և ազդրի շրջաններում ստացած վնասվածքներով Քըզըլը երկար ժամանակ մնացել է տան առջևի այգում՝ սպասելով շտապօգնությանը: Այդ ամենի հետևանքով կինը զգալի արյուն է կորցրել, և նշվում է, որ նրա կյանքին վնաս է սպառնում:
Ի տարբերություն Նուսայբինի՝ փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Մարդինի Դերիք գավառում, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ի երեկոյան: Տեղական իշխանությունները հորդորել են քաղաքացիներին այդ ընթացքում փողոց դուրս չգալ և մնալ տներում: