Մարգարովը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ կողմից Թուրքիային ճնշելու լծակ է համարում
PoliticsՑանկացած երկիր, ներառյալ Ռուսաստանն, ով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, օգտվում է մի քանի գործոններից, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանության խնդիրն է: Արմենպրեսի հաղորդմամաբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
ՙԿարծում եմ` ոչ ոք դեմ չէ, որ ևս մեկ երկիր ընդունի օրինագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սակայն Ռուսաստանի նախաձեռնությունը դեռևս միայն նախաձեռնություն է, քանի որ Ռուսաստանի Պետդումայում մեծամասնություն կազմող ՙՄիասնական Ռուսաստան՚ կուսակցությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին՚,- նշեց քաղաքագետը:
Օրինագիծն, ըստ Մարգարովի, հնարավոր է երբեք չընդունվի ու չունենա այն ավարտը, որը ձեռնտու է հայկական կողմին, սակայն ցեղասպանության խնդրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բոլորին հայտնի է:
Անդրադառնալով նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, քաղաքագեը նշեց, որ դրանք երկկողմանի բնույթ կկրեն, քանի որ ՌԴ տարբեր հաշվարկներով մոտավորապես 23 մլրդ խմ գազ է մատակարարում Թուրքիային, որը խոշոր կորուստ է Ռուսաստանի համար: