Ռուսաստանին խնդրում են ճանաչել Թուրքիայի կողմից հույների ցեղասպանությունը
International newsՔաղաքացիական նախաձեռնությունների ներկայացմամբ զբաղվող change.org կայքում հրապարակվել է մի խնդրագիր, որում Ռուսաստանի իշխանություններին խնդրվում է ճանաչել Թուրքիայի կողմից պոնտացի հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, խնդրագիրը ներկայացվել է «Հունաստանի հանրություն և Ռուսաստանի հույներ» հասարակական միության կողմից:
«1914-1923թթ. ընթացքում թուրքական իշխանությունները նպատակադրված վերացրել են 326.000-382.000 խաղաղ հույների, ովքեր Պոնտոսում են բնակվել դեռևս հնագույն ժամանակներից: Արդեն 100 տարի շարունակ անմեղ զոհերի հոգիներն արդարության պահանջ են զգում: Մենք դիմում ենք Ռուսաստանին, որն այն ողբերգական տարիներին ապաստան դարձավ թուրքերի վայրագություններից մազապուրծ եղած հարյուր հազարավոր հույների համար, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին»,-նշվում է խնդրագրում: Հայտնի է, որ առայժմ խնդրագրի տակ ստորագրել է 287 մարդ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որը ենթադրում է պատասխանտվության ենթարկել նրանց, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը: