ԵՄ-ն Թուրքիայի հետ կեղտոտ գործարքի է գնում. գերմանական ԶԼՄ-ներ
International newsԳերմանական լրատվամիջոցների մեկնաբանները քննադատել են Թուրքիայի հետ փախստականների հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու ԵՄ մտադրությունը: Այս մասին գրում է ռուսական РИА Новости-ն։
Ենթադրվում է, որ Բրյուսելում նոյեմբերի 29-ին անցկացվող Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովում Եվրամիությունը առնվազն 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային իր տարածքում փախստականներին տեղակայելու համար. այս կապակցությամբ РИА Новости-ն մեջբերել է գերմանական հեղինակավոր պարբերականների հրապարակումները:
Այսպես՝ քաղաքագետ Դիլեք Քուրբանը Die Zeit-ում հրապարակված հոդվածում կարծիք է հայտնում, որ «այդ գործարքը սկզբից ևեթ վիճելի է եղել քաղաքական և բարոյական տեսանկյունից»։
Ինչպես գրում է Die Welt-ը` փախստականներին աջակցող Pro Asyl գերմանական կազմակերպությունը ևս զգուշացրել է «մարդու իրավունքների հաշվին կեղտոտ գործարքի» մասին, որը «կաջակցի Էրդողանի անմարդկային քաղաքականությանը»:
Berliner Morgenpost պարբերականի հոդվածագիրը մատնանշում է Եվրամիության «երեսպաշտությունը»: Քանի որ ԵՄ-ն խոստովանել է, որ առանց Թուրքիայի չի կարող լուծել այս խնդիրը, Անկարան պատասխան ծառայություններ է պահանջում, իսկ այս հարցի շուրջ բանակցությունները վերածվել են «շուկայական աճուրդի»: