Ադրբեջանը հայտնում է զինծառայողի զոհվելու մասին
International newsԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել զինծառայող Էլշան Իսմայիլովի զոհվելու մասին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ համաձայն` Էլշան Իսմայիլովը զոհվել է «շփման գծում մարտերի արդյունքում»: Ադրբեջանի ՊՆ-ը չի հայտնել զինծառայողի զոհվելու վայրն ու հանգամանքները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով զոհված զինվորը հետմահու պարգեւատրվել է «Գերազանց զինծառայության համար» երրորդ աստիճանի շքանշանով:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն օրվա առաջին կեսին հայտնել էր ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Բահրուզ Նասիբովի վիրավորվելու մասին:
Ադրբեջանի ՊՆ համաձայն` Բահրուզ Նասիբովը վիրավորվել է «շփման գծում հայկական ստորաբաժանումների հետ մարտերում»: ՊՆ մամուլի ծառայությունը չի նշել, թե հատկապես որտեղ են ընթացել այդ «մարտերը»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին երկու օրերին ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծում գրանցվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 115 դեպք: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ ԱԳՍ-17 տեսակի նռնականետերից 1800 կրակոցներ են արձակել հայկական դիրքերի վրա:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են առաջնամասում լիակատար վերահսկողություն իրագործել եւ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում մարտական դիրքերի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:
ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 132 զինծառայող եւ 144-ից ավելի վիրավոր: