Ռեալիթի շոուի ավարտին մնաց երկու օր. Ի՞նչ է պատմում Կարինե Աճեմյանը
PoliticsՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից նախաձեռնած բավական հետաքրքիր նախագիծը մոտենում է ավարտին: Թե´ հյուսիսում, թե´ հարավում մինչ օրս քարոզարշավ իրականացնող քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները բավական տպավորված են մարդկանց հետ շփումից եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրանց հետաքրքրությունից: Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ԱԺՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, պատմելով իր տպավորությունները, նշեց. «Արդեն քսան օր է, ինչ մենք շատ խիտ կյանքով ենք ապրում: Հայաստանի հարավից՝ Ագարակ քաղաքից, հասել ենք մինչեւ Չարենցավան: Բավական երկար ճանապարհ անցանք, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպեցինք: Պետք է ասեմ, որ բնակիչների կողմից հետաքրքրությունը մեծ էր՝ դա զգացվում էր հարցադրումներից, որոնք շատ տարբեր էին»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը, անդրադառնալով նախագծի արդյունավետությանը, նշեց, որ ռեալիթի շոուն այն բացառիկ տարբերակներից է, որը հնարավորինս շատ մարդկանց իրազեկեց: «Համարում եմ, որ նախագիծը բավական արդյունավետ էր ե´ ւ ինձ համար, ե´ ւ մարդկանց իրազեկելու առումով: Ռեալիթի շոուն բացառիկ հետաքրքիր էր իր ձևաչափով, քանի որ մարդիկ իրար կողքի կանգնած «Այո» եւ «Ոչ» ասողների տեսակետներն են լսում: Մարդիկ լսում են բոլոր փաստարկները եւ սկսում են վերլուծել: Այս ձևաչափն այնքանով օգուտ տվեց, որ անգամ գյուղի բնակիչները, ովքեր ինչ-ինչ պատճառներով տեղեկացված չեն եղել, հանդիպումներից հետո ամբողջությամբ պատկերացրեցին, թե իրականում ինչին են ուղղված սահմանադրական բարեփոխումները»,- ասաց պատգամավորը:
Կ. Աճեմյանն ասում է, որ տպավորությունները խիստ տարբեր են ու գունեղ, կարեւորն այն է, որ նախագիծն իր նպատակին՝ քաղաքացիներին իրազեկելուն ծառայեց, իրեն արդարացրեց: «Գիտեմ, որ նաեւ հեռուստադիտողների շատ մեծ լսարան կա, որն ամեն օր հետեւում է նախագծին: Երեւի որեւէ այլ ձեւաչափով հնարավոր չէր Մայր օրենքը մատուցել այսքան մանրակրկիտ: Այն շատ լուրջ փաստաթուղթ է, որը դժվար է հասարակության բոլոր անդամներին հասու դարձնել, քանի որ բոլորին չէ, որ հետաքրքրում կամ հասու է այն: Ռեալիթի շոուի շնորհիվ հասարակության հիմնական հատվածն իրազեկվեց: Այն, որ դեկտեմբերի 6-ին քաղաքացիներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն, հստակ է, քանի որ հանդիպումների ընթացքում մենք տեսանք, որ անտարբեր մարդիկ գրեթե չեն մնում», ասաց պատգամավորը՝ հավելելով, թե հնարավոր է, որ պատգամավորը մեկ-երկու տարում այդքան տեղեկատվության չտիրապետի, որքան այս քսան օրվա մեջ: «Ինքս շատ մեծ տեղեկատվություն ձեռ բերեցի նաեւ մեր մարզերի բնակիչների վերաբերյալ, որն էլ իմ գործունեության ընթացքում շատ է օգնելու ինձ աշխատանքում»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Սոսե Չանդոյան