Ինչո՞ւ եք բերել-դեմ տվել ու ասում՝ երկու ամսում պետք է Սահմանադրություն փոխենք. ՀՀ քաղաքացի
PoliticsՆոր Հաճըն քաղաքում ռեալիթի շոուի շրջանակներում քաղաքցիներից մեկը հարց ուղղեց «Այո»-ի ու «Ոչ»-ի կողմնակիցներին, թե ինչու են իշխանությունները նման շուտափույթ կերպով ուզում Սահմանադրություն փոխել:
Հարցին ի պատասխան՝ «Այո» թեւի կողմնակից ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընտրությունների ժամանակ ասել են, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ:
Նման միտք արտահայտողների մեջ է նաեւ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ այլք: Ասեմ, որ քաղաքական ուժերի մոտ երկու կարեւոր հարցի շուրջ եղել է համաձայնություն, որ մեծամասնական ընտրական համակարգը պետք է հանվի եւ դրա փոխարեն լինի համամասնականը, իսկ երկրորդ կետն այն է, որ խորհրդարանական կառավարման ձեւն է ճիշտը: 2013 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահը ստեղծեց մասնագիտական խումբ եւ ասաց, որ պատրաստեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Հացեյակարգում կար երկու տարբերակ՝ երկիրը թողնել կիսանախագահական կամ անցնել պառլամենտական կառավարման: Ասեմ, որ այդ ժամանակ ոչ մի քաղաքական ուժ դեմ չարտահայտվեց հայեցակարգով տրված լուծումներին:
Քաղաքական ուժերի մի մասն ասում էր՝ մեզ պետք չեն սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ իշխանությունն է նախաձեռնել, իսկ մի մասն էլ ասում էր՝ մենք դեմ ենք պառլամենտական կառավարման մոդելին, մնացածները կողմ էին: Այդ ժամանակ մենք հանդիպեցինք քաղաքական ուժերի հետ ու սկսեցինք միասին գործել: Նախագահը երկու մտահոգություն ուներ հարցի շուրջ դա ներքին եւ արտաքին անվտանգության հարցն էր, որը եւս լուծվեց»:
Իսկ «Ոչ»-ի ճակատից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, համաձայնվելով առաջ քաշված հարցի հետ, ասաց. «Հայրիկ ջան, շատ ճիշտ հարց ես տալիս, ինչո՞ւ են ափալ-թափալ Սահմանադրություն փոխում, փոխելն էլ տևում է չորս կամ հինգ ամիս: Յոթ կամ ութ հոգով գրում են Սահմանադրություն, այն հրապարակում են հունիս ամսվա վերջին: Հարցնում ենք՝ ինչ է պատահել, ասում են գիտեք՝ պրեզիդենտական համակարգը լավը չի:
Հիմա, եթե դեկտեմբերի 7-ին անցնի սահմանադրական փոփոխությունը, ապա աշխարհում առաջին անգամ հարց է առաջանալու, թե ով է ավելի շատ ձայն հավաքել, սա արվում է նրա համար, որ ՀՀԿ-ն հաղթանակի: Մեզ մի բան ասացին, որ մի երկիր էլ կա՝ Իտալիան, որ նման փոփոխություն է անելու, այն էլ մյուս տարվա մայիսից: Բա կլինի՞ որ դուք քաղաքապետ չընտրեք: Րոպեն մեկ Սահմանադրությունը, որ փոխենք, ինչի՞ կհասնենք: Ասեմ, որ ես միշտ կողմ եմ եղել նախագահական համակարգին: Խաղաղ ժամանակ չէ, բայց եթե կռիվ լինի, պետք է ասենք վարչապետ, քո գործը թող, արի կռիվը կառավարի ու ձեզ թվում է, թե այդ կռիվը կհաղթենք, հա՞: Ես վճռական «ոչ» եմ ասում: Սա լուրջ բան է, մենք տարիներով պետք է աշխատենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Սոսե Չանդոյան