Ազատության հրապարակում թվարկվեցին իշխանության առաջ դրվող պահանջները
PoliticsԱզատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Անդրիաս Ղուկաայանը, ում խոսքն Orer.am-ն ամբողջությամբ ներկայացնում է ստորեւ.
«Հարգելի´ քաղաքացիներ, մեր հավաքի ու երթի հիմնական նպատակն է սկիզբ դնել Հայաստանում քրեական ռեժիմի դիմադրելու գործողություններին: Դրա համար պետք է լինենք միասնական, իրար նկատմամբ ուշադիր ու մտահոգ: Մենք այսօր մեր կազմակերպվածությամբ պետք է ցույց տանք ողջ ժողովրդին ու ամբողջ աշխարհին, որ չի կորցրել իր իրավունքները պաշտպանելու կարողությունը ու պատրաստ է այդ այդ իրավունքների համար պայքարել:
Մեր պայքարն օրինական է, մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքները եւ ոչ մի զիջում չի լինի: Ոստիկանությունը հայտարարեց, որ իրենց տրված է հրաման՝ լինել խիստ: Մենք էլ ասում ենք, որ մենք լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ եւ մեր բոլոր իրավունքներն իրացնելու ենք: Անելու ենք այն, ինչ տրված է մեզ Սահմանադրությամբ եւ ի ծնե: Մենք՝ բոլորս, օժտված ենք այդ իրավունքներով: Մենք պետք է լինենք ազատ ու ունենաք արժանապատվություն:
Ոստիկանությանը զգուշացնում եմ, որ եթե այսօր փորձ անեք ձերբակալել մարդկանց, խնդիր կունենաք, որովհետեւ շատերն այստեղ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձիք են եւ վաղը ձեր իշխանությունները ձեզ պատժելու են դրա համար, որ հանրաքվեից օրեր առաջ բերման եք ենթարկել վստահված անձանց: Հարգելի´ ժողովուրդ, կարիք չկա ասել այն, ինչ ասվել է այս օրերի ընթացքում:
Մեր պահանջները պարզ են՝ պետք է կասեցվի սահմանադրական այս գործընթացը, ռեժիմը պետք է հեռանա եւ երրորդը՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով մենք պետք է ձեւավորենք լեգիտիմ իշխանություն: Այսօր սկիզբն է եւ մեզանից, բոլորից կախված է այն, որ այդ սկիզբը լինի առողջ եւ ժողովուրդն ունենա հաղթանակ ու ժողովուրդը կանգնի ոտքի»: