ՀՀԿ-ի նորաթուխ ընկերները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ինչո՞ւ չեն արձագանքում խախտումների վերաբերյալ
PoliticsԻնչպես հայտնում է Orer.am-ը, Ազատության հրապարակում Անդրիաս Ղուկասյանի խոսքից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը, ով առաջ քաշեց մի շարք կարեւոր հարցեր.
«Քարոզարշավի սկզբից ի վեր իշխանությունները տարածում են մի թեզ, թե իբրեւ «Ոչ»-ի շարժումը պառակտված է, կան «Ոչ»-ի մի քանի ուղղություններ եւ որ շարժման մեջ միասնականություն չի լինելու: Այստեղ մեկ ճշմարտություն կա, իրոք «Ոչ»-ի շարժումը տարածվել է ու դարձել բազմազան եւ հիմա ողջ հայ ժողովուրդն է «Ոչ» ասելու այս իշխանություններին»:
Նա անդրադարձավ նաեւ հանրաքվեի օրինականության խնդրին՝ ասելով, թե ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն բազմիցս ահազանգել են այն բազմաթիվ օրինախախտումների մասին, որոնք ուղեկցել են այս ողջ գործընթացը:
«Ահավասիկ, վերջին շրջանում շատացել են ճնշումներն ինչպես մեր, այնպես էլ «Ժառանգության» վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների վրա: Կան բազմաթիվ օրինակներ, անգամ այսօր մենք լսում ենք նման ճնշման ահազանգներ»,- ասաց նա:
Անդրադառնալով նաեւ ՀՀԿ-ի գաղափարները կիսող քաղաքական ուժերին եւ սահմանադրական փոփոխություններին «Այո» ասողներին՝ նա հարցադրում կատարեց. «Հանրապետակաից ոչ մի բան չենք կարող ակնկալել, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են նրանք պահելու ու դրսեւորելու իրենց, բայց ՀՀԿ-ի նորաթուխ ընկերները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ինչո՞ւ չեն արձագանքում խախտումների վերաբերյալ, չէ՞ որ իրենք ասել են, որ ամեն բան անելու են, որ օրինական հանրաքվե լինի»:
Ամբիոնից հայտարարվեց նաեւ, որ կազմակերպվելիք հանդիպումը՝ «Ոչ»-ի երիտասարդական թեւի հետ, ՀՀԿ-ի թեթեւ ձեռքով չի կայացել նախատեսված վայրում: «Օրեր առաջ զանգ ստացանք ու մեզ ասացին, որ տվյալ հյուրանոցի տարածքում հանդիպում չի կարող լինել, քանի որ եղել են ճնշումներ համապատասխան մարդկանց կողմից»,- հայտնեց նա: