Պենտագոնը ժխտում է ԻՊ-ի հետ Թուրքիայի համագործակցության մասին ենթադրությունները
International newsԻնչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ն, այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ-ի` Իրաքում և Սիրայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը: Բաղդադից տեսակամուրջի միջոցով նա ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ, որոնք հավաքվել էին Պենտագոնի մամուլի կենտրոնում:
Նրանց խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հայտարարություններն իսլամիստների վերահսկողության տակ գտնվող շրջաններից սիրիական նավթի մաքսանենգությանը Թուրքիայի մասնակցության մասին` Ուորենը նշել է. «Մենք վճռականորեն ժխտում ենք ցանկացած ենթադրություն այն մասին, որ Թուրքիան համագործակցում է ԻՊ խմբավորման հետ: Դա պարզապես ծիծաղելի է: Թուրքիան հակաահաբեկչական կոալիցիայի կազմում է և մասնակցում է ԻՊ-ի դեմ ռազմաօդային գործողությանը»:
Նա նաև ընդգծել է, որ «այդ տարածաշրջանում նավթի մաքսանենգությունն ընթանում է տասնամյակներով» և ԱՄՆ-ն կոալիցիայի իր դաշնակիցների հետ կշարունակի ԻՊ-ի այն օբյեկտներին հարվածներ հասցնելը, որոնք օգտագործվում են հումքի անօրինական վաճառքից շահույթ կորզելու համար:
Ավելի վաղ, դեկտեմբերի 2-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Թուրքիայի բարձագույն ղեկավարությունը ներգրավված է սիրիական և իրաքյան նավթի անօրինական արյունահանման և վաճառքի մեջ:
«Օրինական տերերից` Սիրիայից և Իրաքից գողացված նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Ըստ ստացված տվյալների`այդ հանցավոր բիզնեսին ներգրավված են երկրի բարձրագույն ղեկավարությունը, Նախագահ Էրդողանը և նրա ընտանիքը: Մենք բազմիցս ասել ենք ահաբեկիչներին սիրաշահելու վտանգավորության մասին»,- նշել է նա:
Թուրքիայի ղեկավարությունը նույնպես ժխտել է այդ մեղադրանքները: