Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն. Լավրով
International newsԵթե Թուրքիան ռուսական Սու-24 ինքնաթիռը խփելով ցանկանում էր խանգարել Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ Վիեննայի բանակցություններին եւ ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գործողությանը, ապա դա նրան չի հաջողվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե այն, ինչ նոյեմբերի 24-ին արեց թուրքական օդուժը՝ խոցելով ռուսական ինքնաթիռը, նպատակամղված էր այն բանին, որ խափանվեն միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծման հեռանկարները եւ Վիեննայի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման հեռանկարները, ապա, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա թուրքական կողմին չի հաջողվի»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ դեկտեմբերի 2-ին Բելգրադում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ The New York Times ամերիկյան թերթը հաղորդել Է, որ «Վիեննայի ձեւաչափով» Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ հաջորդ միջազգային հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսին Նյու Յորքում, եթե դրան չխանգարեն Մոսկվայի եւ Անկարայի հակասությունները:
ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «այն տերությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Սիրիայում պատերազմի դադարեցման նպատակով առաջնահերթ նշանակություն ունեցող կոնսուլտացիաներին, կարող են հանդիպել Նյու Յորքում դեկտեմբերի կեսին, եթե հաջողվի վերացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ծագած լարվածությունը»: Ինչպես նշել է դիվանագետներից մեկը, ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում այդ շփումների կազմակերպմանը վերաբերող հարցերի համաձայնեցումն արդեն սկսվել է:
Սիրիայի շուրջ բազմակողմ բանակցությունները Վիեննայում կայացել են նոյեմբերի 14-ին: Դրանց մասնակիցները պայմանավորվել են Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո մոնիթորինգային առաքելության ստեղծման շուրջ, որը կհետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը: Վիեննայում մշակված երեքէջանոց փաստաթղթում նաեւ տեղ են գտել մի շարք նախաձեռնություններ, ներառյալ սիրիական ընդդիմության ուժերի համախմբումը, Սիրիայում նոր կառավարության եւ սահմանադրության ստեղծման աշխատանքը եւ 18 ամսվա ընթացքում ընտրությունների անցկացումը»: