Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում կայացել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը
PoliticsՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։ Անդրադարձ է արվել թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։ ՀԱՊԿ ա նդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանություն տվեցին դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ: