Լարիսա Ալավերդյանը ողջունում է «Այո և ոչ»-ի ռեալիթի շոուի ձևաչափի մուտքը հայկական իրականություն
PoliticsՀՀ առաջինօմբուդսմեն, «Ընդդեմ իրավականկամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ողջունում է Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչների կողմից 20 օր շարունակ հանրապետության բոլոր մարզերի բնակիչների հետ ռեալիթի շոուի ձևաչափով քարոզարշավ իրականացնելու մշակույթի մուտքը հայկական իրականություն: «Ես կողմ եմ նման կերպով քարոզչություն իրականացնելու այս նոր ձևաչափին: Այլ հարց է, որ մարզերի բնակիչները հիմնականում լինում էին դիտորդի դերում, որի պատճառներից մեկը հավանաբար այս նոր ոճի քարոզարշավն էր, որը շատերի համար անսովոր էր, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեղեկությունների սղությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ դեկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:
Նա նկատեց, որ «ոչ»-ի ճակատի արտահայտած դիրքորոշումների թուլությունը կապված է խորքային պատճառների հետ: «Անկախ ամեն ինչից`ակնհայտ է, որ «ոչ»-ի ճակատը ունի մեկ գլխավոր բացասական կողմ, ինչը շատ դեպքերում թուլացնում է նրանց դիրքերը. նրանք չկարողացան միավորվել»,-պարզաբանեց Ալավերդյանը:
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեից հետո սպասվող զարգացումներին` Լարիսա Ալավերդյանն ասաց հետևյալը. «Մենք պետք է հասկանանք, որ դեկտեմբերի 6-ից հետո կամ մյուս տարի մենք չենք ունենա կտրուկ փոփոխություններ, քանի որ իրական վերափոխությունները կլինեն 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն, ցանկացած պարագայում մեր հասարակությունը ունի օրենսդրական և իրավակիրառ փոփոխությունների անհրաժեշտություն»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: