Սան Բեռնարդինոյում ռումբեր են գտել հրաձիգների տանը
International newsԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սայիդ Ֆարուքի եւ նրա կնոջ՝ Տաշֆին Մալիքի տանը, որոնք 14 մարդ են սպանել եւ ավելի քան քսանին վիրավորել Սան Բեռնարդինո քաղաքում, հայտնաբերվել է զինանոց, ներառյալ պայթանյութ եւ ռումբերի պատրաստման սարքավորում, տարբեր զինատեսակներ եւ հազարավոր փամփուշտներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խուզարկությունը կատարվել է մարդասպանների հետապնդումից եւ փոխհրաձգությունից հետո, որի ընթացքում հարձակվողները գնդակահարվել են:
Իշխանությունները մինչ այժմ չեն հասկանում, թե որոնք են եղել այն սպանդի դրդապատճառները, որը սարքել Էին 28-ամյա Սայիդ Ֆարուքը եւ նրա 27-ամյա կինը: Ոստիկանության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ զույգը պատրաստ էր իրականացնել եւս մեկ հարձակում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն նշում է, որ առայժմ վաղ է պատահածը կապել ահաբեկչության հետ, եւ հարձակման հնարավոր պատճառ է համարում աշխատավայրում ծագած խնդիրները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառել ահաբեկչական գործողության հավանականությունը:
Օբաման կարգադրել է, որ Կալիֆոռնիայի նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ մինչեւ դեկտեմբերի 7-ը խոնարհվեն վարչական շենքերի, դեսպանատների եւ ռազմական հիմնակների դրոշները: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, հղում անելով նախագահի հայտարարությանը, դրոշները խոնարհվում են «Սան Բեռնարդինոյում իրականացված գրոհների զոհերի հիշատակը հարգելու համար»: