Շուրջօրյա հանրահավաքը բողոքի ավելի խիստ ձեւաչափ է. Գեւորգ Սաֆարյան
PoliticsԱյս պահին Ազատության հրապարակում են հավաքված մոտ երեսուն քաղաքացիներ,- հայտնում է Orer.am-ը:
Նրանց մի մասը թեյ ու սուրճ է բաժանում հեղափոխության գաղափարների ջատագովներին, իսկ ոմանք էլ զրուցում են դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի մասին:
Orer.am-ը զրուցեց հավաքվածներից Գեւորգ Սաֆարյանի հետ, ով զրույցի ժամանակ նշեց, որ գիշերը հանգիստ է անցել: «Ինչպես տեսնում եք, հիմա էլ ամեն ինչ խաղաղ է: Քանի որ մեր հանրահավաքները շուրջօրյա են, մարդկանց քանակը զգացվում է երեկոյան կողմ:
Շուրջօրյա հանրահավաքը բողոքի ավելի խիստ ձեւաչափ է եւ ինչպես մենք հայտարարել ենք, դուրս ենք գալու փողոց ոչ թե մեկ կամ երկու օրով, այլ մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ազատվել այս ռեժիմից»,- ասաց ակտիվիստը՝ խոսելով նաեւ այն մասին, որ կազմակերպվող հանրահավաքներն ու ակցիաները կրում են խաղաղ բնույթ, սակայն եթե ուժ կիրառվի, ապա իրենք օգտվելու են ինքնապաշտպանության իրավունքից եւ հնարավոր է՝ կոպիտ պատասխաններ լինեն:
Զրուցակիցը լիահույս է, որ պայքարի նման ձեւաչափով իրենք կհասնեն իշխանության հեռացմանը, քանի որ «Ոչ» ասողների թիվն իրականում ավելի շատ է:
«Իրականում սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող մարդկանց թիվն ավելի շատ է, քան մենք տեսնում ենք: Դրա մասին են վկայում Youtube-ում կամ լրատվական կայքերում դիտումների թիվը՝ 150-200 հազար մարդ, այսինքն` այդքան մարդ հետաքրքրված է այս գործընթացով: Զարգացումներին հետեւում են այն մարդիկ, ովքեր դժգոհ են այս իշխանություններից:
Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ նրանց մի մասն ապրում է մարզերում, ոմանք աշխատանքի են լինում, կան մարդիկ, որոնց վրա ճնշումներ են գործադրվում, այդ իսկ պատճառով նրանք չեն մասնակցում հանրահավաքներին, սակայն, միեւնույն է, այս մարդիկ կրիտիկական պահին լինելու են փողոցում»,- համոզմունք հայտնեց վերջինս:



Սոսե Չանդոյան