Կալիֆոռնիայում ոճրագործություն իրականացնող կինը երդվել է հավատարիմ մնալ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը
International newsOrer.am-ը նախկինում տեղեկացրել է, որ Կալիֆոռնիա նահանգի Սան- Բերնարդինո քաղաքում դեկտեմբերի 2-ին տոնական արարողության ժամանակ զինվորական համազգեստով արարողությունների դահլիճ ներխուժած անհայտ անձինք անկանոն կրակ էին բացել ներկաների ուղղությամբ՝ սպանելով 14 մարդու և վիրավորելով 17արարողության մասնակցի: Տեղի ոստիկանության տեղեկացմամբ՝ հարձակում գործած ամուսինները ոստիկանների կողմից վնասազերծվել էին: Փոխհրաձգության ժամանակ սպանվել էին ոճրագործություն իրականացրած ամուսինները և մեկ ոստիկան:
Այսօր Սան-Բերնարդինոյի պաշտոնական աղբյուրները դեպքի կապակցությամբ տեղեկացրել են, որ հարձակում գործած կինը՝ Տաշֆին Մալիկը, նախկինում երդվել էր հավատարիմ մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Պաշտոնական աղբյուրները պարզել են, որ նա Facebook սոցիալական ցանցում հանդես գալով այլ անվան տակ` ավելի վաղ գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարին:
Ամուսինների տան խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել էին նաև զենքի պահեստ, պայթուցիկներ, ռումբեր պատրաստելու սարքեր, տարբեր հրազեններ և հազարավոր փամփուշտներ: Այդուհանդերձ, տեղի իշխանություններն առայժմ դժվարանում են մեկնաբանել ոճրագործության դրդապատճառները, սակայն չեն բացառում, որ կատարվածը ահաբեկչություն եղած լինի: «Նյու Յորք Թայմս» պարբերականը, վկայակոչելով իշխանական սեփական աղբյուրը, գրել է, որ կարծիք կա, որ ոճրագործները ոչ թե ԻՊ անդամ են եղել, այլ ահաբեկչական խմբավորման գաղափարներով ոգեշնչվելու հետևանքով նրանց մեջ արմատացել է ծայրահեղական գաղափարախոսությունը:
Պատրաստեց Ա.Գրիգորյանը