Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի փոխարեն էներգակիրների այլ մատակարարներ գտնելու մասին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է Ռուսաստանի փոխարեն էներգեկիրների այլ մատակարարներ գտնել:
Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը:
Էրդողանն այդ հայտարարություն արել է ի պատասխան Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ Մոսկվան դադարեցրել է «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշարի շինարարության շուրջ բանակցությունները:
«Էներգակիրների այլ մատակարարներ գտնել հնարավոր է», -ասել է Էրդողանը` հղում կատարելով Քաթարին եւ Ադրբեջանին:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանից նավթ եւ գազ գնող առանցքային գնորդը:
Թուրքիայի էներգակիրների պահանջի 50 տոկոսից ավելի ապահովում է Ռուսաստանը:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն այսօր հայտնել է, որ Թուրքիայի էներգակիրների գլխավոր օպերատոր «Բոթաշ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Քաթարից գազի ներկրումը տեխնիկապես հնարավոր չէ:
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում արդյունահանվող եւ առաջիկայում «Շահդենիզ-2» նախագծով արդյունահանվելիք ամբողջ գազի ծավալն արդեն բախշված է հայտ ներկայացրած արտասահմանյան ընկերությունների միջեւ, եւ Ադրբեջանը որեւէ այլ ընկերության վաճառելու գազ այլեւս չունի:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: