Գերմանական հետախուզությունը վախենում է Թուրքիայի «երկակի խաղից». Der Spiegel
International newsԳերմանիան Թուրքիային Սիրիայի և Իրաքի հարցով հետախուզական տվյալներ կփոխանցի միայն սահմանափակ ծավալով, չնայած, որ նրանք դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի կազմում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Der Spiegel գերմանական պարբերականի հրապարակումը:
Ուրբաթ գերմանական խորհրդարանը` Բունդեսթագը, հավանության է արժանացրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի առաքելությունը (Բունդեսվեր):
Ենթադրվում է, որ այն կտևի մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը: Առաքելության արժեքը կկազմի մոտ 134 մլն եվրո: Մանդատը նախատեսում է 1200 զինծառայողի ներգրավվածություն ռազմական գործողություններին:
Քննարկվում է նաև «Տորնադո» հետախույզ-ինքնաթիռների ուղարկումը Թուրքիայում ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» բազա: Բեռլինը Անկարայի նկատմամբ անվստահություն է ցուցաբերում և մտադիր է տարբերակել վերջինիս տրամադրվելիք հետախուզական տվյալները: Աղբյուրի ընդգծմամբ` գերմանացի զինվորականները մտահոգվում են, որ Թուրքիան կշահագործի ստացված տեղեկությունը և ավիահարվածներ կհասցնի քրդերի դիրքերին: