Հանրությունն իր ակտիվ քվեարկությամբ բոյկոտեց բոյկոտողներին. Շարմազանով
PoliticsNews.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ապացուցեց, որ մարդիկ բոյկոտեցին բոյկոտողներին եւ նրանց կոչերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի ժամը 17:00-ի տվյալներին, որոնց համաձայն՝ ընտրողների 39 տոկոսից ավելին քվեարկել է:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները ցույց տվեցին, որ այն ուժերը, այդ թվում «Նոր Հայաստանը», որոնք բոյկոտի կոչեր էին անում, ձախողվեցին, նրանց ծրագրերը չկայացան, քանի որ հանրությունն իր ակտիվ քվեարկությամբ բոյկոտեց բոյկոտողներին եւ նրանց կոչերը: Երկրորդ, կարծիքը, թե հանրությանն այս հանրաքվեն չի հետաքրքրում, նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանի որ հասարակությունն այսօր ակտիվ մասնակցում է քվեարկությանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն այսօր եղել է Լոռու մարզի եւ Երեւանի տարբեր ընտրատեղամասերում: Շարմազանովի խոսքով՝ հանրաքվեն նորմալ, հանգիստ հունով ընթանում է:
«1997 ընտրատեղամաս կա, եւ չի կարող խնդիր չլինել, սակայն համապատասխան մարմիններն անմիջապես արձագանքում են, ընթացք են տալիս ահազանգերին: Կարող եմ ասել, որ ժողովրդավարությանը համապատասխան է ընթանում հանրաքվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 39,17 տոկոսը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Քվեարկությունը տեւելու է մինչեւ 20:00-ն, ինչից հետո սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:
Քաղաքացիները քվեարկում են հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի