Ադրբեջանական «Գյունեշլի» հարթակի հրդեհն անցել է այլ հորատանցքեր
International newsԱդրբեջանական «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 վթարային հարթակում հրդեհը շարունակվում է, կրակն անցել է որոշ հորատանցքեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի «Ազնեվթ» ձեռնարկության գլխավոր ինժեներ Բալամիրզա Ալիռահիմովը:
Նրա խոսքով` հրդեյի վերացման համար ծրագրվում է օգտագործել լրացուցիչ սարքավորում եւ մարման միջոցներ, այդ թվում` փրփուր:
«Նավթագործների մարմինների որոնման գծով ծրագրվում է դրան ներգրավել լրացուցիչ նավեր: Որոնումները շարունակվելու են ցանկացած եղանակի դեպքում», -նշել է նա:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Գյունեշլի» ծովային հանքահորի շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են 6 նավթագործների դիակներ, որոնք զոհվել էին դեկտեմբերի 4-5-ին տեղի ունեցած վթարի ժամանակ:
Հիշեցնենք, որ վթարի վերացման գծով SOCAR-ում ստեղծված շտաբի համաձայն` մոտ 3 տասնյակ նավթագործներ դեռեւս համարվում են անհետ կորած:
Մասնագետների խոսքով` որեւէ մեկին կենդանի գտնելու հավանականություն գործնականում չկա: Դեկտեմբերին Կասպից ծովում ջրի ջերմաստիճանը չի գերազանցում 7-8 աստիճանը: Մարդը նման գերսառեցմանը կարող է դիմանալ մեկ ժամից ոչ ավել:
Ծովում սաստիկ փոթորիկ է: Շտաբի տվյալներով` հարթակի որոշ առարկաներ փրկարարները գտել են վթարի վայրից 40-50 կմ հեռավորության վրա: Դա խոսում է այն մասին, որ ընկնելու վայրից ալիքները մարդկանց շատ հեռու են տարել:
Հետաքրքիր է, որ վթարից հետո առաջին հայտարարության մեջ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը վստահեցրել էր, որ ոչ ոք չի զոհվել եւ բոլորը փրկվել են:
«Թուրան»-ը գրում է, որ նման անպատասխանատվությունը, ինչպես նաեւ փրկարար աշխատանքների ոչ հմուտ կազմակերպումը` ընդհուպ ճոպանի կտրվելը, ինչի հետեւանքով 34 մարդ հայտնվել է ջրում, երկար ժամանակ քննարկումների առարկա կլինեն:
Ադրբեջանում վերջին երեք տարիներին նավթային հարթակների վրա վթարները տեղի են ունենում պարբերաբար, ինչը վկայում է աշխատանքների ղեկավարման, ինչպես նաեւ անվտանգության ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին:
Նման վթար թիվ 441 հարթակում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:
2013 թվականի օգոստոսի 17-ին «Բուլլա դենիզ» նավթահորի թիվ 90 հարթակում տեղի ունեցած հրդեհը արտասահմանյան ընկերությունների օգնությամբ հաջողվել էր մարել երեք ամիս հետո:
Մասնագետների կարծիքով` ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի` ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետեւանք են: