Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներին
PoliticsՄիջազգային լրատվամիջոցները դեկտեմբերի 7-ին անդրադարձել են նախօրեին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին` փաստելով, որ ընտրողների մեծ մասը կողմ է քվեարկել խորհրդարանական հանրապետությանը:
France Press գործակալությունը հաղորդում է, որ Սահմանադրական փոփոխություններով Հայաստանի Հանրապետության նախագահը կ դառնա արարողակարգային գործիչ, ով կընտրվի խորհրդարանի կողմից, 7 տարի ժամկետով` ներկայիս 5-ի փոխարեն: «Կառավարությունը հայտարարել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են քաղաքական համակարգն «ուշքի բերելու» և երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Սակայն ընդդիմությունը բարձրաձայնում է կեղծիքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը` նշելով, որ նոր Սահմանադրությունը ավելի կհզորացնի ընդդիմությանը»,- ասվում է հոդվածում:
Ֆրանսիական գործակալության պատրաստած հոդվածը լայնորեն հրապարակվել է այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որոնցից են The Guardian-ը և The New York Times-ը:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ հանրաքվեին մասնակցած ընտրողների մեծ մասը` 63,35 տոկոս, կողմ են քվեարկել խորհրդարանական կառավարման ձևին և մեծամասնական ընտրակարգի վերացմանը: «Նախնական տվյալների համաձայն` սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ է քվեարկել ավելի քան 825 հազար մարդ կամ քվեարկության մասնակիցների 63,35 տոկոսը»,- գրում է լրատվամիջոցը և հավելում, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին: BBC-ի անգլալեզու ծառայությունը նշում է, որ կիրակի օ րվա հանրաքվեին ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հավանություն տվեց վարչապետի դերի բարձրացմանը:
Այն նաև տեղեկացնում է, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ հանրաքվեի հաջորդ օրը բոյկոտել են խորհրդարանի նիստը, իսկ ավելի վաղ բողոքի հավաք էր կազմակերպվել մայրաքաղաք Երևանում:
Լրատվամիջոցը մեջբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներների դիտարկումներն այն մասին, որ քվեացուցակներում անճշտություններ են եղել: