Ադրբեջանում ենթասպան «անզգուշությամբ» սպանել է զինվորին
International newsԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է զինված ուժերում զինծառայողի անզգուշությունից զոհվելու մասին:
Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղեկայված զորամասում ենթասպա Ջեյհուն Ֆարհարդդին օղլու Ահմեդովն «անզգուշությամբ» հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Աղաբալա օղլու Գուլիեւին: Նշվում է, որ փաստի առնչությամբ քեական գործ է հարուցվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է նաեւ զինված ուժերում ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլա օղլու Մոլլաեւի զոհվելու մասին: Ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել ավագ լեյտենանտի հուղարկավորության արարողությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջի օգտատերերից մեկը գրել է, որ ադրբեջանական բանակում դեկտեմբերի 6-ին 2 զոհ է եղել, եւս մեկ զինծառայողի ոտքն անդամահատել են:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 138 զինծառայող եւ 147-ից ավելի վիրավոր, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես խոստովանել է միայն 41 զինծառայողների մահը: