Տաջիկստանի 10 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Պակիստանում, Հնդկաստանում և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում
International newsԵրկուշաբթի կեսօրին Տաջիկստանի արևելքում գտնվող բարձրլեռնային Սարեզ լճից 22 կմ հեռավորության վրա գտնվող Լեռնային Բադաղշան ինքնավար մարզում տեղի ունեցած 10 բալանոց երկրաշարժի հետևանքով ամենից շատ ավերածություններ եղել են Մուրգաբսկի և Բարտանսի շրջաններում:
Հզոր երկրաշարժի հետևանքով զոհված և վնասվածքներ ստացած մարդկանց թիվը դեռ պարզ չէ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավերվել են նաև դպրոցներ, բնակելի շենքեր և բուժհաստատություններ: Բասիդ գյուղական համայնքում փլվել է սարի մի հատվածը և թափվել բնակելի տների վրա:
Այս պահին թեև մահացածների և անհետ կորածների մասին տեղեկություններ չկան, սակայն, տեղի աղբյուրների փոխանցմամբ, շատերը հասցրել են պատսպարվել: Առաջին ուժգին ցնցմանը հաջորդել է մի քանի ավելի թույլ հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,8-5,4 բալ: Իրավիճակը սրվել է բջջային կապի խափանման պատճառով, որի հետևանքով տուժածների մասին տեղեկություններն ավելի դանդաղ են ստացվում:
Ի դեպ, լեռնային Սարեզ լիճն անվանում են Կենտրոնական Ասիայի «քնած վիշապը», որն առաջացել է 1911 թվականի 7 բալանոց երկրաշարժի հետևանքով: Մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ լճի հողային մակերևույթի ճեղքման հետևանքով լիճը կարող է հեղեղել Տաջիկստանի մի մասը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Աֆղանստանը և Թուրքմենստանը, որի հետևանքով կարող է 5 մլնից ավելի մարդ տուժել:
«Բի-բի-սի» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժածներին տրամադրվող մարդասիրական օգնություն ցուցաբերելը բավականին բարդ է, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շատ տեղերում իրականացվում են ձեռքով:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում թեև զգացվել են ցնցումները, սակայն, այնտեղ ավերածություններ տեղի չեն ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Պակիստանում, Հնդկաստանում և Կենտրոնական Ասիայում:
Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել, իսկ նախորդ ավերիչ երկրաշարժը Տաջիկստանի տարածքում գրացվել է 1949 թվականին, որը 30 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:
Պատրաստեց՝ Ա.Գրիգորյանը