Բարզանին կայցելի Թուրքիա
International newsՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին առաջիկա օրերին կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Թուրքիայում Բարզանին կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Նշվում է, որ հանդիպմա ն ժամանակ քննարկվելիք կենտրոնական թեման լինելու է հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի տեղակայումն ու այդ փաստի նկատմամբ Իրաքի կառավարության բացասական դիրքորոշումը:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում 130 զինծառայող, տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկար ան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: