Սարկոզին հրաժարվեց սոցիալիստների հետ դաշինք կազմելուց
International newsՖրանսիայում աջ կենտրոնամետ ընդդիմության առաջնորդ, հանրապետության նախկին նախագահ (2007-2012 թթ) Նիկոլյա Սարկոզին դեկտեմբերի 7-ին հավաստել է, որ մտադիր չէ դաշինք կազմել սոցիալիստների հետ տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին: Այդուհանդերձ, վարչապետ Մանուել Վալսը հորդորել է իշխող կուսակցության կողմնակիցներին միակողմանի կարգով աջակցել աջ կենտրոնամետներին՝ Ազգային ճակատին դիմակայելու համար:
«Նման պահերին որեւէ բանից կառչելու կարիք չկա, պետք է արժանավայել գործել, գտնվել ծառացած մարտահրավերների բարձրության վրա, խոսքը հանրապետությանն է վերաբերում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով TF-1 հեռուստաալիքի երեկոյան եթերում:
Ֆրանսիայում տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 6-ին: Դրանց արդյունքում երկրում ձայների մեծամասնությունն ստացել են Ազգային ճակատի կուսակցական ցուցակները (27,73 տոկոս): ԱՃ-ին հաջորդում է «Հանրապետականների» եւ նրանց դաշնակից կենտրոնամետ կուսակցությունների դաշինքը (27,25 տոկոս), կառավարող Սոցկուսակցությունը եզրափակում է առաջատարների եռյակը (23,43 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: