ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցությունն այլ քաղաքական ուժերի հետ կոալիացիա կազմելու հարց չի քննարկում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն որևէ ուժի հետ հնարավո՞ր է առաջիկայում կոալիցիա կազմի: «Նման քննարկումներ մենք չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Հարցին՝ ո՞վ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դա հիմա քննարկելու հարց չէ: «Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի քաղաքական պայմաններ կլինեն և ինչպիսի մոտեցումներ կձևավորվեն: Այդ պայմաններում նոր կընտրվի, թե ով է լինելու վարչապետը»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ն պարգևատրելո՞ւ է ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու համար: «Թույլ ու անիմաստ հարց եք տալիս»,- արձագանքեց ԱԺ նախագահը: