Ռուսական ուժերը հոծախումբ հրթիռաավիացիոն հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին
International newsՌուս զինվորականները դեկտեմբերի 5-ից ուժեղացրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ծայրահեղական այլ կազմակերպությունների օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հոծախումբ հրթիռաավիացիոն հարվածներ են հասցվել Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներից, «Խմեյմիմ» օդանավակայանի ավիացիոն խմբի ինքնաթիռներից եւ Միջերկրական ծովի ջրատարածքում գտնվող սուզանավից:
«Ընդամենը չորս օրվա ընթացքում նետվել է տարբեր նշանակության 1920 ռումբ: Ոչնչացվել է 70 հրամանատարական կետ, զինյալների պատրաստման 21 բազա, զինամթերքի եւ պայթանյութերի արտադրության վեց գործարան, 43 զինապահեստ, նավթի վերամշակման վեց օբյեկտ, ինչպես նաեւ այլ օբյեկտներ»,- ճշտել են զինվորականները:
«Առաջին անգամ ստորջրյա դրությունից ծովային բազավորման «Կալիբր» թեւավոր հրթիռների խմբային արձակում է իրականացվել «Դոնի Ռոստով» սուզանավից, ինչի շնորհիվ ոչնչացվել է Ռաքայի նահանգում ԻՊ-ի երկու կարեւոր հրամանատարական կետ»,- նշել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում եւ հավելել, որ հարվածների արդյունքում պայմաններ են ստեղծվել սիրիական բանակի հետագա հարձակողական գործողությունների համար Հալեպի, Իդլիբի, Լեռնային Լաթաքիայի եւ Պալմիրայի շրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: