Վերջին մեկուկես տարում ԻՊ-ի կողմում կռվող օտարերկրացիների թիվը կրկնապատկվել Է. փորձագետներ
International newsՄի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում Սիրիայում կռվող օտարերկրացիների թիվը անցյալ տարվա հունիսի համեմատությամբ աճել Է 2,25 անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հաղորդել Է «Սուֆանի խումբ» վերլուծական կենտրոնը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ալի Սուֆանի խմբի տվյալներով՝ եթե մինչեւ անցյալ տարվա սկիզբը ԻՊ-ի շարքերը համալրել Էին 12 հազար ոչ սիրիացիներ, ապա այժմ խոսքը վերաբերում Է արտասահմանից Սիրիա եկած 27 հազար ջիհադիստների:
Ինչպես նշում են վերլուծաբանները, ավելի ու ավելի շատ նորակոչիկներ են իսլամիստների շարքերը համալրում Միջին Ասիայից, Ռուսաստանից եւ Արեւմտյան Եվրոպայից: Ընդ որում՝ Արեւմուտքի երկրներ Է վերադառնում ջիհադիստների 20-30 տոկոսը, որոնք այնտեղից մեկնել Էին Սիրիա:
Զեկույցի հեղինակները գրում են, որ ԻՊ-ի շարքերում օտարերկրացիների ամենամեծ խումբը կազմում են Թունիսից եկածները: «Սուֆանի խումբը» նրանց թվաքանակը գնահատում Է 6 հազար: Վերլուծաբանների տվյալներով՝ նրանց հաջորդում են Սաուդյան Արաբիայից (2500), Ռուսաստանից (2400), Թուրքիայից եւ Հորդանանից եկածները:
Ընդամենը Սիրիայում ներկա են 86 երկրներից հավաքագրված ջիհադիստներ:
Արեւմտյան Եվրոպայից Սիրիա եկածների թվով առաջատարը ֆրանսիացի իսլամիստներն են՝ 1800 մարդ: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ շուրջ 750 նոր ջիհադիստներ ժամանել են Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից, եւս 470-ը՝ Բելգիայից: