Ասադը բրիտանական օդուժի հարվածները հակաօրինական է համարել
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ համաձայնության է եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարելու հարցում,- գրում է Orer.am-ը:
Դ. Քեմերոնը նշել է, որ ԻՊ-ն իրոք սպառնալիք է Եվրոպայի համար, սակայն իր խոսքում նաև նշել է, որ այնուամենայնիվ անհրաժեշտ է փոխել Բաշար ալ Ասադի ռեժիմը Սիրիայում: Նրա խոսքով՝ Սիրիան կարիք ունի նոր կառավարության, որն ընդունելի կլինի Սիրիայի ողջ բնակչության մեծ մասի համար:
Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ ՌԴ առաջնորդը Դ. Քեմերոնի հետ զրույցի ժամանակ առաջարկել է բրիտանական փորձագետներին մասնակցել թուրքական ԶՈՒ-ի կողմից խփված ռուսական «Սու-24» ռազմական օդանավի սև արկղի պարունակության վերծանմանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց Սիրիայի տարածքում տեղակայված ԻՊ գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու որոշումը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մեծամասնությունը պաշտպանեց վարչապետի առաջարկը, սակայն օրեր անց Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը շտապեց բրիտանական կողմի ավիահարվածները «հակաօրինական» որակել: Սիրիայի նախագահը բրիտանական «Սանդի թայմս»-ին տված հարցազրույցում նշել էր, որ բրիտանական օդուժի կողմից իրականացվող ավիահարվածները կարող են նպաստել հետագայում «ահաբեկչության քաղցկեղածին բջիջների» առաջացմանը և տարածմանը ողջ տարածաշրջանում: