Ռուսաստանը կարգելի թուրքական ապրանքների վերաարտահանումն Ադրբեջանից եւ Ղազախստանից
International newsՌուսաստանի դաշնային մաքսային ծառայությանը եւ ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ին հանձնարարվել է ուժեղացնել Ադրբեջանով եւ Ղազախստանով թուրքական բանջարեղենի եւ մրգերի մատակարարումների վերաարտահանման հնարավորության վրա վերահսկողությունը:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, դա արվում է ՌԴ Հանրային պալատի ընտանիքի, երեխաների եւ մայրության աջակցության հանձնաժողովի փոխնախագահ Պավել Սըչովի կողմից ՌԴ դաշնային գերատեսչությունների ղեկավարներին արված դիմումից հետո:
«Թուրքական բանջարեղենի եւ մրգերի վերաարտահանման շնորհիվ Ադրբեջանից մատակարարների մոտ հնարավորություն կառաջանա ընդլայնել իր ներկայությունը ռուսաստանյան շուկայում: Այստեղ հնարավոր է տարբեր սխեմաների կիրառում», -դիմումի մեջ զգուշացրել է Պավել Սըչովը:
Նրա խոսքով` արգելանքի շրջանցմամբ թուրքական ապրանքների վերաարտահանում Ռուսաստան կարող է կատարվել Ղազախստանի եւ Ադրբեջանի տարածքներով, քանի որ այդ երկրների եւ Թուրքիայի միջեւ ինչպես պետական, այնպես էլ գործնական շփումներ են ստեղծվել, Ղազախստանն էլ հանդիսանում է Ռուսաստանի հետ բաց սահմաններ ունեցող Թուրքիային ամենամոտ ԵԱՏՄ երկիրը:
Թուրքիայից արգելված արտադրանքի վերահսկողությունը սահմանակետերում եւ ռուսաստանյան մանրածախ առեւտրում պաշտոնապես ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից: