Թուրքիայում այս տարի ձերբակալվել է ԻՊ-ի անդամ 17 ադրբեջանցի
International news2015 թվականի սկզբից մինչ այժմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ Թուրքիայում ձերբակալված 913 անդամների մեջ 17 ադրբեջանցի կա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով թուրքական իրավապահ մարմիններին:
Ձերբակալվածների մեջ իր 324 հոգով առաջին տեղում Չինաստանն է, նրան հետեւում են Ռուսաստանը, Պաղեստինը, Թուրքմենստանը, Աֆղանստանը եւ Ինդոնեզիան:
Բոլոր ահաբեկիչները ձերբակալվել են Թուրքիա անցնելու ժամանակ: Նրանք ԻՊ-ի ճամբարներում մարզված անձինք են, ովքեր փորձել են Թուրքիա անցնել այդտեղ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
The Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին զեկույցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից ժամանած հարյուրավոր անձինք:
Զեկույցում նշվում է, որ պաշտոնական տվյալներով` ԻՊ-ի շարքերում 104 ադրբեջանցիներ կան, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 216 է: Նշվում է նաեւ, որ Սիրիայից եւ Իրաքից արդեն 49 մարտիկ վերադարձել է Ադրբեջան: Զեկույցում ընդգծվում է, որ ԻՊ-ի կազմում կռվելու համար Ադրբեջանից ժամանում են հիմնականում Սումգայիթ, Շաբրան, Գուսար քաղաքներից հավաքագրված քաղաքացիներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: