Ադրբեջանում վերջին օրերին ինքնասպանության 10 դեպք է տեղի ունեցել
International newsՆավթի խիստ էժանացման հետ կապված խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում խիստ մեծացել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին 5 օրերի ընթացքում Ադրբեջանում 10 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ինքնասպանության դիմողների մեծ մասը կանայք են:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` վերջին մի քանի ամիսներին ինքնասպանությունների թվի աճը պայմանավորված է նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով Ադրբեջանում խորացող տնտեսական ճգնաժամի հետ:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 230 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել, 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել էր Ադրբեջանի զինված ուժերում:
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը նշվածից շատ ավելի մեծ է, քանի որ միշտ չէ, որ նման դեպքերի մասին հայտնի է դառնում ԶԼՄ-ներին:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 20 եւ ամուսինների միմյանց սպանության 17 դեպք է տեղի ունեցել: