Ֆրանսիայում Ազգային ճակատը չհաղթեց եւ ոչ մի տարածաշրջանում
International newsՖրանսիայում Ազգային ճակատ կուսակցությունը դեկտեմբերի 13-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում չկարողացավ հաղթել եւ ոչ մի տարածաշրջանում: Երկրի 12 մայրցամաքային նահանգներում իշխանությունը կիսել են իշխող Սոցիալիստական կուսակցությունը (5 տարածաշրջան) եւ «Հանրապետականներ» աջկենտրոնամետ դաշինքը (7 տարածաշրջան): 13-րդ տարածաշրջանում՝ Կորսիկայում, հաջողության է հասել տեղի կորսիկական կուսակցությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դիտորդների հիմնական ուշադրությունն ուղղված էր քվեարկությանը Ֆրանսիայի երկու նահանգներում: Նոր Պա դե Կալե Պիկարդիա հյուսիսարեւմտյան տարածաշրջանում Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը դեկտեմբերի 13-ին փոքր-ինչ բարելավել է իր արդյունքն առաջին փուլի համեմատությամբ՝ հավաքելով ձայների 42,3 տոկոսը: Սակայն դա բավարար չի եղել հանրապետականների թեկնածուին՝ աշխատանքի նախկին նախարար Կսավիե Բերտրանին, դիմակայելու համար: Սոցիալիստների աջակցությամբ նա կարողացել է հավաքել ձայների 57,7 տոոկսը եւ այժմ հնարավորություն ունի զբաղեցնելու տարածաշրջանային խորհրդի նախագահի աթոռը:
Ազգային ճակատը մեծ հույսեր էր կապում Պրովանս-Ալպեր-Լազուրի ափ հարավարեւելյան տարածաշրջանի հետ, որտեղ առաջադրված էր Մարիոն Մարեշալ Լե Պենը՝ կուսակցության առաջնորդի զարմուհին՝ Ֆրանսիայի խորհրդարանի 26-ամյա ամենաերիտասարդ պատգամավորը: Նրան եւս հաջողվել է առաջընթաց գրանցել առաջին փուլի համեմատությամբ՝ ստանալով ձայների 45,2 տոկոսը: Բայց Սոցկուսակցության ընտրազանգվածի օգնությունն ապահովել Է հանրապետականների թեկնածուի՝ Նիցայի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզիի առավելությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 54,8 տոկոսը:
Սոցկուսակցությունը գտնում է, որ տակտիկական նպատակներով իր դիրքերը զոհաբերելով երկու տարածաշրջաններում, այդ ընտրություններում կարողացել է լուծել ռազմավարական խնդիրը՝ կանգնեցնել Ազգային ճակատի առաջխաղացումը: Ֆրանսիայի նախարարների կաբինետի ղեկավար Մանուել Վալսը, ամփոփելով քվեարկության արդյունքները, շնորհակալություն է հայտնել ընտրազանգվածին ձախերի հորդորն անսալու համար:
Քվեարկության արդյունքները բավականին զուսպ է գնահատել նաեւ հանրապետականների առաջնորդ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Ընտրողների մոբիլիզացումը չպետք է մեզ ստիպի մոռանալ այն նախազգուշացումները, որոնք ընտրությունների առաջին փուլի ընթացքում հասցեագրվել էին բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նաեւ մեզ»,- ասել է նա:
Մարին Լե Պենն իր հերթին պարտություն չի համարում ընտրությունների արդյունքները: Նա նախընտրել է շեշտը դնել ինչպես սոցիալիստներին, այնպես էլ աջկենտրոնամետներին իր կուսակցության դիմակայության վրա: «Այս ընտրություններում Ֆրանսիան եռակուսակցական համակարգից անցավ երկկուսակցականի»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Սոցկուսակցության կողմից ցուցաբերված աջակցությունը հանրապետական թեկնածուներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: