Ստոկհոլմում Էրդողանի դեմ ցույց է իրականացվել
International newsՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է « Ֆըրաթ» լրատվական գործակալությունը:

Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ «Բոլորս PKK ենք», «PKK-ի վրա դրված արգելքը թող հանվի», «Մանկասպան Էրդողան» գրություններով: Ստոկհոլմում Ժողովրդավարական քրդական հասարակական կենտրոնի ղեկավար Իմրան Քարաերն իր խոսքում նշել է, որ 2015 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո Էրդողանը, դադարեցնելով թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, սկսեց քուրդ ժողովրդի նկատմամբ հարձակումներ իրականացնել: Դրա արդյունքում երկրի ներսում իրավիճակը վերադարձավ 1990-ականների իրավիճակին, և այս պահին շատ գավառներ ու քաղաքներ ամբողջությամբ թուրք զինվորականության վերահսկողության տակ, շրջափակման մեջ են:

Ներկաները դժգոհել են նաև նրանից, որ թուրքական իշխանություններն ակնհայտ աջակցություն են ցուցաբերում մերձավորարևելյան տարածաշրջանի նաև քրդաբնակ շրջաններում ահաբեկչական գործողություններ իրականացնող «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպությանը:
Ցույցի մասնակիցները բղավել են «ԱԶԿ-ն ԻՊ է, ԻՊ-ն ԱԶԿ է», «Մարդասպան Էրդողան», «Քաշեք ձեր արյունոտ ձեռքերը Քրդստանից» և այլն: