Խնդրում եմ այս ամբիոնը չօգտագործել նման էժանագին PR անելու համար. Վահան Բաբայան
PoliticsԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, ասաց.
«Այս ամբիոնից քաղաքականությունից են խոսում այն մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում 100 հոգուց ավել չեն կարողանում հավաքել: Նրանք չեն կարողացել տեղամասերում ապահովել իրենց թիմակիցների ներկայությունը:
Ասեմ ավելին, այլ կուսակցությունների նշաններով նստած տեղամասերում իրենց կուսակցության քվոտաների հիման վրա մարդիկ նստած աշխատում էին, էսօր մարդիկ էս ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ են անում: Դա ուղղակի ծիծաղելու է: Եվ խնդրում եմ այս ամբիոնը չօգտագործել նման էժանագին PR անելու համար, որովհետեւ դա անլուրջ է: Խորհուրդ եմ տալիս մտածել սեփական հեղինակության, ինչպես նաեւ կուսակցության ու խմբակցության մասին»:
Վահան Բաբայանի խոսքով՝ քաղաքականությունը ոչ թե բարձր «ճղճղալով» ու գոռգոռալով է, այլ ինչ-որ լուրջ բաներ ասելով:
«Լուրջ քննադատությունը կարող է ստանալ պատասխան լուրջ քննադատություն: Մտածեք ձեր մասին, ձեր թիմակիցների մասին եւ նրա մասին, որ արդյոք դուք այստեղ ճղճղում եք, բայց 100 հոգի մարդ չունեք ձեր մեջքի հետեւում: Դա՞ է ձեր վստահությունը, թե՞ դա է ձեր իշխանափոխության ու հեղափոխության կոչերը: Դուք արդեն տապալված, ֆիասկո ապրած քաղաքական ուժ եք: Շնորհավորում եմ ձեզ»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան