Սահմանին տիրող վիճակն ավելի շատ լատենտային պատերազմ է. Արմեն Ռուստամյան
PoliticsՄիջազգային հանրության արձագանքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված բացարձակ ադեկվատ չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Խոսքը գնում է ոչ թե լարվածության, այլ, ըստ էության, պատերազմական գործողությունների մասին: Սա ավելի շատ լատենտային պատերազմ է: Սկսել են զենքի տարբեր տրամաչափեր օգտագործել, բնականաբար, դրա դեմն առնելու միակ միջոցը, ինչպես եղել է, այսօր եւս, մնում է մեր զինուժն ու պաշտպանունակությունը: Ես հուսով եմ, որ այս լարվածությունը, բնականաբար, պետք է սթափեցնի Ադրբեջանին այն տրամաբանությամբ, որ իրենք մեկին տասը կորուստներ են ունենալու: Դրա մասին իրենց պետք է տեղեկատվություն տրվի հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցներով ու խողովակներով»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նաեւ բանակցային գործընթացներին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց. «Այսօր խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին, թերեւս անիմաստ է, քանի որ չի կարելի մի ձեռքով բանակցել ու խաղաղության պատրանք ստեղծել, իսկ իրականում մյուս ձեռքով փորձել հարցերը լուծել ուժի միջոցով»:
Խոսելով ռուս-թուրքական բավական լարված հարաբերությունների մասին՝ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այն բավական զգաստացրել է Թուրքիային ու չի բացառվում, որ Թուրքիան փորձի ասիմետրիկ գործողություններով ուշադրությունը շեղել իր վրայից: Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ընդունվող բանաձեւերին, պատգամավորն ասաց. «Նրանք խաղաղ կարգավորման ճիշտ հակառոկ ձեւով են գործում ու ես բազմիցս հայտարարել եմ, որ այն ինչ տեղի է ունենում ԵԽԽՎ-ում, անթույլատրելի է, քանի որ այն էսկալացիա է առաջացնում սահմանների վրա: Այդ բանաձևերն Ադրբեջանին դարձնում են ավելի սանձարձակ: Լավ է՝ պատասխանատու կողմերն արդեն կամաց-կամաց հասկանում են, թե որն ինչպես պետք է արվի: Այս լարումներին իրականում պետք է շատ լուրջ նայել, սա ոչ թե միայն երկու կողմերի, այլեւ համապատասխան կառույցների խնդիրը պետք է լինի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Սոսե Չանդոյան