Կորեան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. դեսպան
PoliticsՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործուենությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանական կապերի խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Կորեայի Հանրապետության խորհրդարանի ընդունելությունների սրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-կորեական միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ Կորեայի հետ առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:
Պակ Նո Փյոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ կանի ամենը միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ խթանելու համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանը նշել է, որ Կորեայի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:
Դեսպանը ևս կարևորելով մշակույթի ու կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը` հույս է հայտնել, որ 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը կվավերացնի:
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխայցերը և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը: