ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի «միջուկային դոսյեն» փակելու ՄԱԳԱՏԷ-ի որոշումը
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից բանաձեւի ընդունումը, որը փակում է Իրանի «միջուկային դոսյեն» եւ թույլ է տալիս սկսել «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Թեհրանի միջեկ կնքված համաձայնագրի կատարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, Պան Գի Մունն այդ որոշումը «կարեւոր փուլ է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին», որը հուլիսին համաձայնեցվել է Վիեննայում:
Դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է բանաձեւ, որը փակում է Իրանի «միջուկային դոսյեն» եւ Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի թեման:
Այդ որոշմամբ նաեւ չեղյալ է հայտարարվում Թեհրանի նկատմամբ գործակալության նախորդ բոլոր բանաձեւերի գործողությունը: Այդպիսով, գործակալությունն ավարտել է աշխատանքը իրանական միջուկային ծրագրի վիճահարույց հարցերի պարզաբանման «ճանապարհային քարտեզի» շրջանակներում:
Ելույթ ունենալով Կառավարիչների խորհրդի նիստում՝ ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Բերդեննիկովը հայտարարել է, որ Մոսկվան փակված է համարում միջուկային էներգիայի ռազմական օգտագործման ոլորտում Իրանի «ենթադրվող հետազոտություններին» վերաբերող գործը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ բանաձեւի ընդունումը նոր էջ է բացում իրանական միջուկային դոսյեում:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վստահություն է հայտնել, որ այժմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարող է «իր ուշադրությունը կենտրոնացնել Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագրի ամբողջական կատարման եւ ստուգման վրա»:
Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ դրա համար գործակալությանը տարեկան կպահանջվի 9,2 մլն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: