Արգենտինական ֆուտբոլային ակումբը հրաժարվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի հովանավորությունից
SportԱրգենտինական «Ռեյսինգ» (Raceing) ֆուտբոլային ակումբը հրաժարվել է «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հովանավորությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Prensa Armenia-ն, այս տեղեկությունը հաստատել է ֆուտբոլային ակումբի նախագահ Վիկտոր Բլանկոն:
Հարավային Ամերիկայում Հայկական երիտասարդական ֆեդերացիան ողջունել է ֆուտբոլային ակումբի կայացրած որոշումը: Այս կապակցությամբ ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Արդեն քանի տարի է՝ «Թուրքական ավիաուղիներ»-ը դարձել է ամբողջ աշխարհում թուրքական դիվանագիտության գործիքը՝ հովանավորելով կարևոր սպորտային դեմքերի, ինչպիսիք են Քոբի Բրայանը կամ Լեոնել Մեսին: Նրանք իրենց բրենդը ներկայացնում են ճանաչված և սիրված կերպարների միջոցով՝ թաքցնելով այն իրականությունը, որում ապրում է թուրք ժողովուրդը»:
Ֆեդերացիայի անդամներն ընդգծել են, որ քրդերի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետապնդումները, որն ավարտվեց փաստաբան Թահիր Էլչիի սպանությամբ, ընդդիմադիր լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները, բռնությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական տեսակետին հակադրվող տեսակետն են պաշտպանում, սոցիալական ցանցերի նկատմամբ կիրառվող գրաքննությունն ու արգելափակումը, համագործակցությունն ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության հետ մի քանիսն են այն պատճառներից, որով թուրքական դիվանագիտությունը ցանկանում է կոծկել իր իրական մտադրությունները:
«Աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր ակումբը հովանավորվի մի կառավարության կողմից, որը խախտում է մարդու իրավունքները»,- նշել է Հարավային Ամերիկայում Հայկական ազգային կոմիտեի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը:
Նախորդ տարի արգենտինական մեկ այլ ֆուտբոլային ակումբ ևս՝ «Սան Լորենցոն» հրաժարվել էր Ադրբեջանից արված հովանավորության առաջարկից: