Բրիտանիա է ժամանել սիրիացի փախստականների առաջին խումբը
International newsՄեծ Բրիտանիա է ժամանել սիրիացի փախստականների առաջին խումբը: Սիրիայի հարեւան երկրների ճամբարներում գտնվող փախստականների վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, որի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր սեպտեմբերին, երկիր է ժամանել հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չարտերային չվերթներով սիրիացի գաղթականները վայրէջք են կատարել Գլազգոյում, Բելֆաստում եւ Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում: Լրացուցիչ չվերթները կժամանեն ավելի ուշ:
Քեմերոնը հայտարարել է, որ կատարել է մինչեւ Սուրբ ծնունդ առաջին հազար սիրիացի փախստականներին երկրում տեղավորելու իր խոստումը:
Բրիտանական կառավարությունը խոստացել է առաջիկա հինգ տարվա ընթացքում ընդունել 20 հազար սիրիացի փախստականների: Նրանց ընտրելու են Լիբանանի եւ Հորդանանի ճամբարներում՝ առավել տուժածներին ու կարիքավորներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում: Մեծ Բրիտանիա ժամանածներին տեղավորելու են երկրի 50-ից ավելի քաղաքներում: