Ուրբաթ երեկոյան կիմանանք՝ կլինի՞ երկրորդ սերիա Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ. Էդուարդ Շարմազանով
PoliticsԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովը, անդրադառնալով ՀԱԿ-ի ստորագրահավաքին, ասաց. «Դա նույնն է, որ Ալավերդու «Դեբեդ» ֆուտբոլային թիմը խաղա Բրազիլիայի հավաքականի դեմ, 131 պատգամավորից ընդամենը 17-ն են միացել ՀԱԿ ստորագրահավաքին՝ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Եթե նույնիսկ 27 հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն եւ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով: Ուրբաթ երեկոյան կիմանանք՝ կլինի՞ երկրորդ սերիա Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ»,- ասաց Է. Շարմազանովը՝ հավելելով, թե դիմելով Սահմանադրական դատարան՝ ՀԱԿ-ն արհամարհում է 824 հազար «այո»-ները, իսկ դա «ժողովրդի կամքն» է, որի հետ պետք է հաշվի նստել, թեեւ չի բացառում, որ ընտրակեղծիքներ եղել են:
«Ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն է, սակայն ոչ 824 հազար: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»,- ասաց նա: Համեմատական անցկացնելով ներկայիս եւ նախկին ՀԱԿ-ի միջեւ՝ Է. Շարմազանովն ասաց. «ՀԱԿ-ն այլեւս այն չէ, ինչ 2008, 2009, 2010 թվականներին էր: Այն, որ ՀԱԿ-ն արդեն երկար տարիներ գնում է ոչ թե վերելք, այլ դեպի վայրէջք, սա էլ փաստ է: Իրենց շտաբի պետը՝ Ալեքսանդր Արզումանյանը, առանցքային ուղեղներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը ՀԱԿ-ում չեն: Ո՞ւր են հիմա նրանք, նրանք բոլորը մի օրում, ինչպես իրենք են ասում, դարձան հաճախորդնե՞ր: Իսկ մենք՝ կոնկրետ ես, քրիստոնյա մարդ եմ, բոլորին էլ հարգում եմ, սիրում՝ անկախ նրանից՝ իրենք ինձ սիրում են, թե ատում են, նույնիսկ ինձ ատողներին եմ սիրում եւ հարգում եւ ցանկանում եմ իրենց խոհեմություն, առողջություն, խաղաղություն, երջանկություն, բարգավաճում»:
Սոսե Չանդոյան