Պուտինը ոչ թե ծաղրեց, այլ դիպուկ ներկայացրեց Էրդողանի քաղաքականությունը. Սաֆրաստյան
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա ասուլիսի ժամանակ չծաղրեց Թուրքիային եւ Էրդողանին, այլ դիպուկ կերպով ներկայացրեց Թուրքիայի իրական պատկերն ու Էրդողանի վարած քաղաքականությունը:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է, որ ՌԴ նախագահը հստակ կերպով մեկնաբանեց Թուրքիայի քաղաքականությունը, ինչը ողջունելի է:
Ճանաչելով Էրդողանի բնավորությունն ու ուսումնասիրելով նրա գործունեությունը՝ թուրքագետը չի բացառում, որ Էրդողանն էլ հայտարարությամբ հանդես կգա, ինչն ավելի կսրի լարվածությունը երկու երկրների միջեւ:
«Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ թուրքական ինքնաթիռները Սիրիայի օդային տարածք չեն մտնում, եւ եթե Թուրքիան վերսկսի իր ինքնաթիռների թռիչքները, դա կարող է հանգեցնել նոր միջադեպերի, ինչը կբեր հարաբերությունների ավելի վատթարացման: Բացի այդ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդում պետք է քննարկվեր «Իսլամական պետության» ֆինանսավորման խնդիրները, եւ հույս ունեմ, որ այնտեղ Թուրքիայի բոլոր խարդախություններն ու խախտումները՝ կապված ԻՊ-ից նավթ ստանալու եւ վերավաճառելու հետ, կբացահայտվեն: Եւ եթե այդ ամենը տեղի ունենա, կարծում եմ, դա Թուրքիային կսանձի»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: