Նիդերլանդներում ՀՀ դեսպանը ՀՅԴ-ականների շնորհավորել է կուսակցության 125- ամյակը
PoliticsՆիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրման 125-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մինաս Արսենյանն, ով անդրադարձավ կուսակցության անցած ճանապարհին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով խոսել է սփյուռքում կուսակցության կատարած դերի ու նշանակության և ներկայումս հայ քաղաքական կուսակցությունների ձևավորման գործում նրա դերակատարության մասին: Դեսպանը, մասնավորապես, ասել է, որ անցած ժամանակահատվածում կուսակցությունը «…դարձել է հայ մարտիկի կերպարը ներկայացնողը: Եվ պատահական չէր, որ ղարաբաղյան շարժման սկզբներին այս կուսակցությունը դարձավ թիկունքներից մեկը, ջահակիրներից մեկը հայ ազգային շարժման և' զարթոնքի, և' իրականացման»:
Տոնական միջոցառման բանախոս ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն անդրադարձել է կուսակցության անցած ճանապարհին, նրա առջև կանգնած խնդիրներին ու առաջիկա անելիքներին: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել նաև ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ատենապետ Նուպար Վարդանյանը և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել պատմաբան Արա Գրիգորյանի՝ «Քրիստափոր Միքայելյան» գրքի շնորհանդեսը: