Մեծ Բրիտանիայի ՊՆ նախկին ղեկավարը սատարել է ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ արշավը
International newsՄեծ Բրիտանիան չպետք է «կապված լինի սոցիալական լարվածության եւ քաղաքական անկայունության տնտեսական անհաջող ծրագրի հետ»: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախկին նախարար (2010-2011թ.թ.), պահպանողական Լիամ Ֆոքսը՝ սատարելով Եվրամիությունից երկրի դուրս գալու արշավը:
Sunday Times-ում հրապարակված հոդվածում բրիտանացի նախկին պաշտոնյան կոչ է արել «վերջ դնել փաստարկին», թե Եվրոպան ընդառաջել է ԵՄ բարեփոխումների անցկացման հարցում Մեծ Բրիտանիայի պահանջներին:
«Փաստը, որ բրիտանական վարչապետը փաստացի հարկադրված է եղել շրջել եվրոպական մայրաքաղաքներով՝ բարեփոխումներն ընդունելու համար, որոնք, ինչպես ինքն է ենթադրում, անհրաժեշտ են Մեծ Բրիտանիային, գոյություն ունեցող խնդիրների լավագույն ցուցադրությունն է: Ժամանակն է հետ վերադարձնել մեր սկզբնական իրավունքները: Հենց այդ պատճառով ես քարոզելու եմ դուրս գալու օգտին»,- ընդգծել է Ֆոքսը: