Բլատերը բողոքարկելու է իրեն որակազրկելու որոշումը
SportՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով 8 տարով հեռացվել է ֆուտբոլից, ընդգծել է, որ կբողոքարկի տվյալ որոշումը: «Ցավում եմ, որ մինչև այժմ բռնցքամարտի տանձիկ եմ: Ցավում եմ ֆուտբոլի համար: Ցավում եմ ՖԻՖԱ-ի ավելի քան 400 անդամների համար: Ցավում եմ: Ցավում եմ, թե ինչպես են ինձ հետ վարվում այս մարդասեր աշխարհում»,- Բլատերի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:
Միաժամանակ, շվեյցարացին ընդգծել է, որ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն իրենք կարող են ունենալ գրավոր կամ բանավոր համաձայնագիր: «Ես կպայքարեմ իմ և ՖԻՖԱ-ի համար: Ինչի՞ համար եմ ես որակազրկվել 8 տարով»,- հռետորական հարց է ուղղել Բլատերը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով որակազրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից: Բլատերի և Պլատինիի վստահեցումները գումարային փոխանցում կատարելու բանավոր պայմանավորվածության վերաբերյալ հավաստի չեն համարվել և մերժվել են: Բլատերը տուգանվել է 50 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ Պլատինին՝ 80 հազար:
Հոկտեմբերի սկզբին երկու ֆունկցիոներները 90 օրով զրկվել էին ֆուտբոլային գործունեությունից՝ կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով: 2011 թվականին Պլատինին Բլատերից ստացել է 2 մլն շվեյցարական ֆրանկ: Պլատինին վստահեցրել է, որ այդ գումարը նա ստացել է 1999-2002 թվականներին ՖԻՖԱ-ի համար գործունեություն ծավալելու բանավոր պայմանավորվածության արդյունքում: Պլատինիի և Բլատերի նկատմամբ գործ է հարուցվել նոյեմբերի վերջին: Տեղեկացվում էր նաև, որ երկուսն էլ կարող են որակազրկվել ցմահ: