Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով վնասված բազմաբնակարան շենքն այլեւս պիտանի չէ բնակության համար
International newsՎոլգոգրադում դեկտեմբերի 20-ին կենցաղային գազի պայթյունի հետեւանքով վնասված բազմաբնակարան շենքն այլեւս պիտանի չէ բնակության համար: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը:
Նա նշել է, որ երեք օրվա ընթացքում ՌԴ կառավարության հասցեին դիմում կուղարկի՝ պայթյունից տուժած բնակիչներին բնակարաններով ապահովելու համար լրացուցիչ ֆինանսավորման առաջարկով:
«ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովն աջակցել է մեր առաջարկին»,-ասել է Բոչարովը:
Վոլգոգրադի Դզերժինսկի շրջանում դեկտեմբերի 20-ին կենցաղային գազի արտահոսքի արդյունքում որոտացել է մի քանի պայթյուն, ինչի արդյունքում Կոսմոնավտների փողոցում բազմաբնակարան շենքի մուտքի 38 բնակարաններ են փլուզվել: Հայտնաբերվել է մեկ զոհված անձ, եւս 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց: