Բելգիայում փարիզյան ահաբեկչական գործողություններին հանցակցության կասկածով հինգ մարդ է ձերբակալվել
International newsԲելգիայի ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել փարիզյան ահաբեկչական գործողություններին հանցակցության կասկածով, տեղեկացնում է Reuters-ը:
Կիրակի` դեկտեմբերի 20-ի երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգայց են կատարել Բրյուսելի կենտրոնում գտնվող Դանսարտ էլիտար շրջանում: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, տներից մեկում երկու եղբայր է ձերբակալվել եւ նրանց ընկերը: Տան բնակիչների հեռախոսազրույցների վերլուծությունն օգնել է գտնել կասկածյալների հետքը: Եվս երկու մարդ ձերբակալվել է Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Լաքեն շրջանում:
Ստուգայցերի արդյունքում հնարավոր չի եղել ոչ զենք, ոչ պայթուցիկ նյութեր հայտնաբերել, ինչի հույսն ունեին ոստիկանները: Բոլոր կասկածյալները մոտ ժամանակներս կկանգնեն քաղաքի մագիստրատի առաջ, որը նրանց համար խափանման միջոց կընտրի, գրում է Lenta-ն:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որոնց հետեւանքով 130 մարդ է զոհվել, ավելի քան 350-ը վնասվածք է ստացել: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։