Տարեսկզբից ծովով Եվրոպա են ժամանել մեկ միլիոն միգրանտներ, որոնցից ավելի քան 500 հազարը սիրիացիներ են. ՄԱԿ
International news2015 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե մեկ միլիոն անօրինական միգրանտներ, այդ թվում՝ ավելի քան 500 հազար սիրիացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Անտոնիո Գուտերեշը:
«Այս տարի ծովով Եվրոպա է ժամանել գրեթե մեկ միլիոն մարդ, նրանց 50 տոկոսից ավելին սիրիացիներ են»,- ասել է նա Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում:
Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հարցում է անցկացրել սիրիացի 1200 փախստականների շրջանում: Դրա արդյունքները հաստատել են, որ Սիրիան «ուղեղների մեծ արտահոսք է ապրում»: «Հարցվածների 86 տոկոսն ունի միջնակարգ կրթություն: Նրանց գրեթե կեսը սովորում էր բուհում: Կարելի է միայն պատկերացնել՝ ինչ աղետալի հետեւանքներ կունենա նման «ելքը» հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման հեռանկարների վրա»,- ասել է նա:
Նա նաեւ ուշադրություն է դարձրել քաղաքացիության բացակայության խնդրի վրա, որին բախվում են սիրիացիների նորածինները, որոնք Եվրոպայի երկրներում գրանցված չեն բյուրոկրատական ընթացակարգերի բարդության եւ հակամարտության ասպարեզի վերածված հայրենիք արտաքսվելու վտանգի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: